Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Եթե դահլիճում աղմկում են, չի նշանակում, որ նրանք մտահոգված են, իսկ մենք՝ ոչ»

«Եթե դահլիճում աղմկում են, չի նշանակում, որ նրանք մտահոգված են, իսկ մենք՝ ոչ»
09.06.2017 | 01:15

2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրով կառավարությունը նախատեսում է սեփականաշնորհել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ մասնավորեցման նախկին ծրագրով: Դրանց թվում են Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և այլն: Պետությունն ակնկալում է այս մասնավորեցումից ստանալ 35-36 մլրդ դրամ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում անդրադարձավ այս աղմկահարույց օրենքին:

-Կառավարության այս նախաձեռնությունը հանրային դիմադրության արժանացավ: Ո՞րն է այս մասնավորեցման իրական նպատակը` բյուջեն համալրե՞լը:
-Ոչ, դա չէ մասնավորեցման նպատակը: Այս գործընթացը բացարձակ կապ չունի բյուջեի համալրման հետ: Ի՞նչ եք կարծում, այս բոլոր օբյեկտները վաղը կամ մյուս օրն անմիջապես կմասնավորեցվե՞ն, որ բյուջե էլ այդքան գումար մուտքագրվի: Ցանկում ընդգրկվածների շուտափույթ մասնավորեցումն անհնար է, յուրաքանչյուր օբյեկտ առանձին պետք է նախապատրաստել: Ես հասկանում եմ այն մտահոգությունը, որը պայմանավորված է հանրությանը մատչելի, որակյալ ծառայություն մատուցելու և մի շարք այլ հանգամանքներով: Մեր հանձնաժողովում մանրամասն ու բավական երկար քննարկել ենք առողջապահական հիմնարկների մասնավորեցման հարցը: Իրականում պետական կառավարչի առանձնահատկությունն այն է, որ իր ընդունած որոշման տնտեսական հետևանքների համար սեփական գույքով պատասխանատու չէ: Սա նշանակում է, որ նա ոչ միշտ է հակված ամենաարդյունավետ, ամենաորակյալ որոշումները կայացնելու: Մինչդեռ, մասնավոր կառավարչի դեպքում ցանկացած տնտեսական որոշման հետևանքներն ուղղակիորեն վերաբերում են սեփական գույքին: Այսինքն, նա կրում է գույքային պատասխանատվություն: Սա է ամենամեծ տարբերությունը պետական ու մասնավոր գույքի միջև: Մասնավորեցումը ենթադրում է նաև, որ այդ գույքի հանրային արդյունավետությունն ավելի մեծ կլինի:
-Պետական գույքի մասնավորեցման որոշակի տարբերակում չպե՞տք է լինի, այսինքն, այս մեկը կարելի է տալ մասնավորի ձեռքը, իսկ մյուսը պետք է պետությունն իր ձեռքում պահի:
-Մասնավորեցվող օբյեկտների շարքում կարևորում եմ հատկապես առողջապահական կառույցները: Մտահոգություն պետք է լինի այս առումով՝ արդյո՞ք պետությունն իր վրայից թոթափում է հանրությանը մատչելի, որակյալ ծառայություն մատուցելու խնդիրը: Կառավարությունը փորձում է ձերբազատվե՞լ այս խնդրից: Օրինակ, ուռուցքաբանության կենտրոնի մասնավորեցումով կառավարությունը ձերբազատվո՞ւմ է այդ ոլորտի հիվանդությունների բուժման հարցում հանրությանը որակյալ ծառայությունների կազմակերպման պատասխանատվությունից: Իհարկե` ոչ: Իսկ ինչպե՞ս լուծել այդ հարցը: Ես կառավարությանը ներկայացրել եմ մի շարք առաջարկներ, որոնք ընդունել են: Դրանցից մեկն էլ առնչվում է առողջապահական ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջներին: «Հայփոստի» կամ «Հայֆիլմի» մասնավորեցումը, անշուշտ, առաջացնում է որոշ խավերի հետաքրքրությունը, բայց առողջապահության ոլորտում խաչվում են բոլորիս շահերը: Այո, մենք ընդունում ենք, որ մասնավորեցումը հանգեցնելու է կառույցների տեխնոլոգիական զարգացմանը, որակյալ ծառայությունների ընդլայնմանը և այլն, այս առումով խնդիր չունենք, միաժամանակ համոզված ենք, որ օրենքում պետք է մի կարևոր կետ ներառել: Առողջապահական օբյեկտների մասնավորեցումից հետո չպետք է դրանց գործունեության հիմնական ուղղությունը փոփոխվի, չպետք է իջնի հանրային ծառայությունների կազմակերպման որակը:
-Մտահոգություն չունե՞ք, որ, ասենք, ուռուցքաբանության կենտրոնի մասնավորեցումից հետո այն հաջողությամբ կարող է վերածվել հյուրանոցի կամ ժամանցային կենտրոնի:
-Ոչ, եթե օրենքում ամրագրվում է, որ մասնավորեցումից հարյուր տարի հետո էլ Ֆանարջյանի ինստիտուտը պետք է մնա ուռուցքաբանության կենտրոն, հարյուր տարի էլ սեփականատերը ներդրում կատարի, ուռուցքաբանության կենտրոնը պետք է լինի բուժծառայություն մատուցող ամենաորակյալ բուժհաստատությունը: Օրենքն ամրագրում է նաև, որ եթե վաղը, մյուս օրը այս օբյեկտը վաճառեն մեկ ուրիշի, միևնույն է, այս պայմանը պահպանվում է: Այսինքն՝ անկախ սեփականատիրոջ փոփոխությունից, դրույթները պահպանվում են: Մեր հանձնաժողովը նաև առաջարկել է, որ եթե սեփականատերը որոշի, ասենք, քսան տարի հետո ինչ-որ բան փոխել, այնքան պետք է վճարի կառավարությանը, որ անգամ ձեռնտու էլ չլինի նման փոփոխություն անելը: Փոփոխությունը պետք է սեփականատիրոջը կանգնեցնի ֆինանսական լուրջ խնդիրների առջև: Ի դեպ, հանձնաժողովը նաև առաջարկել է առանձնացնել այն օբյեկտները, որոնք հանրային առանձնահատուկ հնչողություն ունեն, այդ գործընթացի համար ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կլինեն ոչ միայն կառավարության, այլև ԱԺ-ի ներկայացուցիչներն ու առաջին հերթին՝ ընդդիմությունը:
-Առանց հանրային քննարկումների ինչքա՞ն է ճիշտ նման կարևոր հարցերի շուրջ որոշում ընդունելը:
-Իհարկե, կարևոր են հանրային քննարկումները: Նախարարն ասաց, որ հանրային քննարկման անհրաժեշտություն չի առաջացել: Այսինքն` ինչպե՞ս չի առաջացել: Առողջապահական կարևոր օբյեկտներ եք ուզում մասնավորեցնել, բա հանրությանը չհարցնե՞ք: Ենթադրենք, շարքային քաղաքացին այդքան էլ իրազեկ չէ խնդրին, բայց առողջապահական համակարգը հասարակական կազմակերպություններ ունի, ի վերջո, այդ կառույցներում կան բժիշկներ, ինչո՞ւ նրանց հետ քննարկումներ չեն արվում: Գուցե տասը բժիշկ շատ լավ առաջարկ ներկայացներ, ինչո՞ւ դա չեք անում:
-Եթե Դուք լինեիք վարչապետը, այս ուղիով կգնայի՞ք:
-Կգնայի, բայց գիտե՞ք, մինչ այդ ինչ կանեի. մինչ այս նախագիծը խորհրդարան բերելը, հանրության հետ կխոսեի, կվիճեի, կփորձեինք հասկանալ, թե որն է ճիշտ: Սա նախարարի թերացումն է, որովհետև վարչապետն ամեն ինչի համար պատասխանատու չէ: Դրա համար կա նախարար, որը ոլորտի քաղաքականություն մշակողն ու կազմակերպողն է: Նա պետք է հանրային քննարկումներ աներ: Եթե նախարարը համոզված է, որ բացարձակ ճիշտ է, նույնիսկ այդ դեպքում պարտավոր է հանրության հետ հաշվի նստել: Սա վարչապետի խնդիրը չէ, այլ նախարարի, որն այս հարցում թերացել է: Հանրային հնչողություն ունեցող հարցերին առնչվող որոշումները պետք է լրջագույնս նախապատրաստվեն, պետք է զրուցել, մտքերը կիսել մասնագետների հետ, տեղեկացնել հանրությանը:
-Խորհրդարանական ընդդիմությունը դժգոհեց այս հապշտապությունից, համոզված լինելով, որ նպատակ կա օրենքը «սղղացնելու»:
-Այս հարցում համաձայն չեմ ընդդիմության հետ: Եթե հանձնաժողովի նիստում ներկա լինեիք, կհամոզվեիք, որ ընդդիմությունն ուշադիր լսում էր իմ դիտարկումները և առարկություններ չուներ, բայց ի՞նչ տեսանք լիագումար նիստում: Եթե դահլիճում աղմկում են, չի նշանակում, որ նրանք մտահոգված են, իսկ մենք՝ ոչ: Հիմնական աշխատանքը կատարվում է հանձնաժողովներում: Այնպես չէ, որ մենք այս երկրի թշնամին ենք: Իշխանությունն է ստանձնում պատասխանատվությունը, ոչ թե ընդդիմությունը:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ